Հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանը պատասխանել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարություններին, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն իրականացնող երիտասարդ ակտիվիստների դեմ հարձակումն ու բռնության կիրառումը կազմակերպել է ինքը: Ռ. Սադոյանը նշում է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ այս միջադեպերի հետ, ավելին, համոզված եմ, որ այդ սրացումները ՀԱԿ ներկայացուցիչների սադրանքն են՝ իրենց ոչ ադեկվատ, ագրեսիվ, վիրավորական, համակեցության էթիկային մշտապես հակասող պահվածքով: Միջադեպի իրական գնահատականը կարող են տալ միայն իրավական լիազորություններ ունեցող մարմինները` բոլոր մանրամասների համակողմանի քննությունից հետո: Շահարկումների փոխարեն խորհուրդ եմ տալիս գնալ բաց, թափանցիկ, արդար ընտրությունների և ողջունել ժողովրդի իրական ընտրությունը` ցանկացած ելքով»: Նա նաեւ հայտարարել է, որ «իշխանությունները շատ բան են արել ընտրությունների գործընթացը թափանցիկ, արդար ու հավասար պայմաններում անցկացնելու համար»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին երեկոյան 10-րդ ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի շուրջ մեկուկես տասնյակ երիտասարդներ, որոնք իրականացնում էին Փաշինյանի նախընտրական քարոզարշավը, հարձակման են ենթարկվել մարզական կազմվածքով մոտ 25-30 երիտասարդների կողմից: Հարձակվողները հայհոյել ու հարվածել են 18-20 տարեկան պատանիներին, որոնց թվում եղել են աղջիկներ: Պատանիներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց:
ՀԱԿ-ը այս միջադեպի առնչությամբ տարածած հայտարարությամբ, պնդում է, որ հարձակումը կատարվել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյանի հրահանգով։ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասել է, որ միջադեպը կազմակերպել է 10/19 եւ 10/20 ընտրատեղամասերը սպասարկող Հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադարյանը։




























