Հայաստանի ոստիկանության աշխատակիցները հունվարի 8-ին խոչընդոտել են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը եւ արգելել բարձրախոսով իրազեկել Վարդան Մամիկոյանի արձանի մոտ կայանալիք հանրահավաքի մասին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Փաշինյանի շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը, Հանրապետության փողոցում ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավն իրականացնող մեքենային է մոտեցել ՊՊԾ գնդի Կենտրոնի վաշտի հրամանատար ոմն Կարապետյան եւ արգելել բարձրախոսով իրազեկել հանրահավաքի մասին՝ ակնհայտորեն խախտելով օրենքը: Կարապետյանը նաեւ ճանապարհային ոստիկաններ է հրավիրել եւ հրահանգել բարձրախոսով եւ Փաշինյանի նկարներով մեքենան տանել տուգանային հրապարակ, սակայն ՃՈ աշխատակիցները հրաժարվել են կատարել ապօրինի հրահանգը: «Ես ինքս խոսեցի ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի հետ եւ տեղեկացրի օրենքի խախտման մասին, նա խոստացավ, որ կվերացնի ապօրինությունը»,- նշեց Մաթեւոսյանը եւ հավելեց, որ քիչ անց Կարապետյանն ինչ-որ հրահանգ է ստացել եւ հայտնել, որ մեքենան կարող է երթեւեկել, սակայն առանց բարձրախոսով իրազեկման՝ սպառնալով հակառակ պարագայում մեքենան տանել տուգանային հրապարակ:
Հիշեցնենք, որ ընտրություններն այս ընտրատարածքում կայանալու են հունվարի 10-ին, եւ հունվարի 8-ը քարոզարշավի վերջին օրն է:




























