Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, դառնալով արտգործնախարար, զրոյականացրել է իր գիտելիքները միջազգային իրավունքի բնագավառում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Բիշքեկում Դավութօղլուի արածխ հայտարարությունը:
«Ակնհայտ է, որ պրոֆեսոր Դավութօղլուն, դառնալով արտգործնախարար, զրոյականացրել է իր գիտելիքները միջազգային իրավունքի բնագավառում: Համաձայն միջազգային իրավունքի հանրահայտ հիմնարար նորմերի` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Թուրքիայի արտգործնախարարի` նմանատիպ զրոյականացված մոտեցումներով առաջնորդվելու արդյունքն է, որ Թուրքիան ունի զրո հարևան առանց պրոբլեմների»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 22-ին Բիշքեկում տեղի ունեցած թուրքալեզու հանրապետությունների խորհրդի արտգործնախարարների նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:




























