Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը լինելու է Հայ ազգային կոնգրեսի ավանգարդում եւ պայքարելու է սահմանադրական կարգի վերականգման համար: Այդ մասին հունվարի 9-ին կայացած ՍԴՀԿ 7-րդ համագումարում հայտարարել է ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ Լ.Սարգսյանի՝ վերջին 10 տարիներին Քոչարյան-Սարգսյան զույգը ստեղծել է կրիմինալ պետական համակարգ: «Ստեղծված իրավիճակից լավագույնս օգտվեցին արտաքին ուժերը: Հայաստանը դե-ֆակտո կորցրել է իր անկախությունը: Այսօր Հայաստանը իրենից ներկայացնում է սուվերենությունից զուրկ, կախյալ երկիր, որտեղ իշխում է պոլիցայական ռեժիմը»,- նշեց Սարգսյանը եւ հավելեց, որ եղան մարդիկ, այդ թվում եւ ՍԴՀԿ-ում, «որոնք հրապուրվեցին եւ լրացրին պոլիցայների շարքերը»:

«ՍԴՀԿ-ն հնարավոր չէ պառակտել, քանի որ կուսակցության կորիզն ամուր է ու նվիրված համաժողովրդական շարժմանը: Մենք մեր դուռը բաց ենք թողնում բոլոր այն հնչակյանների համար, ովքեր կընդունեն իրենց սխալն ու ետ կվերադառնան»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՍԴՀԿ-ում ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ մի խումբ անդամներ՝ Վահան Շիրխանյանի եւ ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ ԱՃեմյանի ղեկավարությամբ, արտահերթ, փակ գաղտնի համագումար էին անցկացրել եւ Լյուդմիլա Սարգսյանին հեռացրել կուսակցությունից: Վերջինս շիրխանյանական թեւին մեղադրում է իշխանությունների խամաճիկը լինելու մեջ: