Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին ընթացող պատգամավորական ընտրություններում պատգամավորի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբը մի շարք խախտումներ է արձանագրել:
Մասնավորապես, շտաբից NEWS.am-ին հայտնեցին, որ 10/14 ընտրատեղամասի ներսում կուտակումներ են եղել: Օրինախախտումն արձանագրելու պահանջը մերժվել է ՏԸՀ նախագահի կողմից, իսկ ոմն Արմեն Սահակյան` որը ներկայացել եւ գրանցվել է որպես «Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդ, «Ժամանակ» օարթերթի լրագրող Քրիստինե Խանումյանին սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով: Այս ամենը զուգորդվել է հայհոյանքներով: ՏԸՀ նախագահը հրաժարվել է կազմել արձանագրություն նաեւ այս փաստի առնչությամբ:
Սույն անձնավորությունը սպառնալիքներ է տեղացել նաեւ 10/12 ընտրատեղամասում:
Ժամը 14.35-ի սահմաններում Ն. Ստեփանյանի անվ. թիվ 71 դպրոցում տեղակայված 10/18 ընտրատեղամաս է ժամանել Արաբկիրի թաղապետի տեղակալ Հակոբ Հակոբյանը եւ սպառնալիքներ տեղացել դիտորդների եւ լրագրողների հասցեին: Այնուհետեւ փորձել է ներկայանալ որպես դիտորդ:




























