«Առավոտ» թերթն իր խմբագրականում անդրադարձել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատելուն եւ դրան հաջորդած իրադարձություններին։

«Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի հասարակությունը լուրջ խնդիրներ ունի: Առաջին հերթին որոշակի հոգեբանական պաթոլոգիաներով է տառապում, իհարկե, Իլհամ Ալիեւը, որը կարող էր որոշ ժամանակ գոնե ձեւ անել, թե Ռամիլ Սաֆարովը նստած է բանտում, որից հետո միայն կազմակերպեր մարդասպանին հերոսացնելու այդ շոուն: Բայց նա, հավանաբար, կարծում է, որ իր ազգն ինքնահաստատվում եւ կայանում է հենց քնած մարդուն կացնահարողի կերպարը վառ պահելու միջոցով: Կայանալ անմեղ, անպաշտպան արյան վրա` դա, կարծում եմ, որոշակի ավանդույթի շարունակությունն է: Վստահ եմ, որ կան հարյուրավոր ադրբեջանցիներ, որոնց դա դուր չի գալիս: Բայց հաշվի առնելով այդ երկրի քաղաքական ռեժիմը` նրանց ձայնը լսելի չէ: Եվ հետո` այդ մարդիկ կազմում են «ճնշող փոքրամասնություն». եթե նրանք փորձեն գոնե թեթեւակի դատապարտել Սաֆարովի, իսկ այնուհետեւ Ալիեւի քստմնելի վարքագիծը, «հայրենասերներն» այնպես «վրա կտան», որ նրանք կփոշմանեն իրենց ասածի համար:

Բայց եթե Ադրբեջանում խրախուսվում եւ ուղղորդվում է հակահայկական հողի վրա զանգվածային պսիխոզը, դա չի նշանակում, որ նույնը պետք է անել Հայաստանում: Սաֆարովի դեմ ահաբեկչական օպերացիա կազմակերպելու եւ նրա համար գլխագին նշանակելու կոչերը նույն տեսակի պսիխոզ են՝ բարեբախտաբար, ոչ զանգվածային: Նախ` ահաբեկչությունը, որպես հուսահատ քայլ, որոշ դեպքերում բացատրելի է, երբ դու պետություն չունես: Բայց մենք ունենք պետություն` իր դիվանագիտական եւ հատուկ ծառայություններով, որոնք, ճիշտ է, այս պատմության մեջ իրենց շատ վատ են դրսեւորել: Երկրորդ` սպանությանը սպանություն հակադրելով` դու կորցնում ես այն առավելությունը, որը, Ալիեւի այդ անհաշվենկատ քայլի արդյունքում ստացել ես քարոզչության եւ դիվանագիտության մեջ: Հակառակը` պետք է համբերատար հետեւել, թե ինչպես է Սաֆարովը դառնում գնդապետ եւ գեներալ, ինչպես են նրան տալիս ազգային հերոսի կոչումը, եւ ինչպես են ադրբեջանցի աշուղները նրան նվիրում իրենց մուղամները: Քնած մարդուն կացնահարած «հերոսի» եւ նրա «սխրանքի» այդ սակրալիզացիան մեզ միանգամայն ձեռնտու է: Վերջապես, եթե մի բան ես որոշել անել` արա, շատ մի խոսիր, թե չէ` ստացվում է դատարկ հոխորտանք:

Սպանել պետք է ոչ թե Սաֆարովին ինչ-որ մի մութ անկյունում, այլ մարտի դաշտում նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն կատարել մեր հողի, մեր սահմանների նկատմամբ (ներառյալ, բնականաբար, ԼՂՀ սահմանները)` անկախ նրանից, թե որ էթնոսին են այդ ոտնձգություն կատարողները պատկանում: Իսկ այն, որ հարեւան երկրում հերոս է մի վախկոտ մարդ, որը կարողացել է «մենամարտել» միայն քնած հայի հետ, ինձ հուշում է, որ այդ երկիրը պատերազմում ոչ մի շանս չունի, հիվանդ հասարակությանը չի կարող պատերազմել: Ես կանհանգստանայի, եթե Ադրբեջանում շարժում սկսվեր` ընդդեմ Սաֆարովին արդարացնելու»,- գրում է «Առավոտը»: