«Երիտասարդ պահպանողականներ» հասարակական կազմակերպությունը, որ իր 50 դիտորդներով դիտորդական առաքելություն է իրականացրել հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ընտրություններում, նախնական գնահատական է տվել ընտրությունների ընթացքին:
«2010թ. հունվարի 10-ի ԱԺ մեծամասնական թիվ 10 ընտրատարածքի ընտրությունները եւս մեկ անգամ աներկբայորեն փաստեցին, որ ՀՀ ներկա իշխանություններն ու նրան սպասարկվելու լծված եւ իրենց բուն առաքելությունը մոռացած պետական մարմինները (ԿԸՀ, իրավապահ համակարգ, դատական համակարգ, քաղաքապետարան) ի վիճակի չեն կազմակերպել եւ իրականացնել որեւէ մակարդակի ընտրություն ՀՀ-ում, իսկ նրանց կողմից „ընտրություններ“ հռչակվածը որեւէ աղերս չունի քաղաքակիրթ մարդկությանը հայտնի ընտրական գործընթացի հետ, որի միջոցով առարկայանում է ժողովրդավարությունը»,- նշել են պահպանողականներն ու հավելել. «Այսպիսով, Ժողովրդավարությունը եւ Սահմանադրական կարգը ներկա իշխանությունների պարագայում եւ „ընտրություների“ միջոցով ՀՀ-ում անհնար է: Ժողովրդավարության եւ Սահմանադրական կարգի հաստատումը Հայաստանում հնարավոր է անկախացման գործընթացի սկսմամբ»։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով պատգամավոր է ընտրվել «Ազգային Միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը՝ հավաքելով 7622 ձայն:
Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր եւ այժմ անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը ստացել է 5023 ձայն, իսկ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն:




























