Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կոնկրետ արդյունք չտվեց եւ Անկարան, որ պատրաստվում էր հանդիպել Երեւանի եւ Բաքվի հետ, Թուրքիա-Հայաստան հանդիպումը թողեց սեպտեմբերին: Այս մասին հաղորդում է թուրքական «Sabah» թերթը:

Թուրքիան, որ ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան խնդրի կարգավորումներն իրականացնել զուգահեռ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Մոսկվայում կայացած անարդյունք հանդիպումից հետո Բաքվի եւ Երեւանի հետ շփումների մեջ կմտնի: Նախատեսվում է Անկարայից բարձրաստիճան պաշտոնյաների այց երկու երկրների մայրաքաղաքներ:

Անցյալ ամիս չիրականացավ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Այժմ Անկարան պատրաստվում է հանդիպել Հայաստանի հետ սեպտեմբերի կեսերին տեղի ունենալիք ՄԱԿ-ի խորհրդում, որտեղ կքննարկեն այս տարվա ապրիլի 22-ին հայտարարած, բայց չներկայացրած «Ճանապարհային քարտեզը»: Հայաստանը հայտարարում է, որ «գնդակը» Թուրքիայի դաշտում է: Հայ պաշտոնյաներից մեկը «Sabah»-ին ասել է, որ Հայաստանին անհանգստացնում է այն, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը գնում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը զուգահեռ Վերջինս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դանդաղ ընթացքի համար մեղադրել է Անկարային: