ԱՄՆ-ից Ռուսաստան թռչնամսի առաքման վերաբերյալ բանակցությունները ՌԴ-ում սանիտարական նոր կանոնների ուժի մեջ մտնելու կապակցությամբ կարող են կայանալ հունվարի 17-ին, Մոսկվայում: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

Ինչպես նա նշել է, հանդիպումը նախատեսված էր հունվարի 11-ին, սակայն ամերիկյան կողմն իր համաձայնությունը չի տվել:

Օնիշչենկոյի խոսքով, ամերիկյան կողմը ժամանելու է Մոսկվա՝ քննարկելու ռուսաստանյան շուկա թռչնամսի առաքման ժամանակ սանիտարական նորմերի պահպանումը:

2010թ. հունվարի 1-ից Ռուսաստանում նոր սանիտարական նորմեր են գործում, որոնք արգելում են քլորով մշակված թռչնամսի ներկրումը: Նոր կանոնները հանգեցրել են ԱՄՆ-ից թռչնամսի ողջ քանակության ներկրման արգելմանը:

Հավի բդիկները, որոնք հայտնի են «Բուշի տոտիկներ» անունով, չափից դուրս քլոր են պարունակում եւ չեն համապատասխանում ռուսաստանյան սանիտարական նորմերին, գրում է «Վեդոմոստի» թերթը:

Հունվարի 1-ից արտադրանքի ոչ մի գրամ չպետք է մշակվի քլորով: Ռուսաստանցի արտադրողների համար այդ չափորոշիչն ընդունելի է: Եթե խոսենք ներկրման մասին, ԵՄ-ից թռչնի մսի առաքման հետ կապված խնդիրներ չեն ծագում",- ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը: