«Հայաստան ներկրվող ցանկացած սննդամթերք լաբորատոր մանրազնին ստուգման է ենթարկվում եւ նոր միայն հանվում վաճառքի. բացառություն չեն կազմում նաեւ ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից մեր երկիր ներկրվող հավի տոտիկները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը։

Նշելով, որ իրենց կողմից իրականացված լաբորատոր ստուգումներն արտերկրից ներկրվող թռչնամսի մեջ ազգաբնակչության առողջությանը սպառնացող վտանգավոր որեւէ նյութ երբեք չեն հայտնաբերել, նա հավաստիացրեց, որ «ստուգվում է հանրապետություն ներմուծվող „բդիկների“ յուրաքանչյուր խմբաքանակ»։ Նա, որպես մասնագետ, հորդորեց չհավատալ շրջանառվող լուրերին, թե իբր «Բուշի տոտիկները» չեն համապատասխանում որակի մի շարք ցուցանիշների, եւ առանց վարանելու գնել եւ օգտագործել դրանք։

Դիտարկմանը, թե Ռուսաստանում, օրինակ, համապատասխան մասնագետներն այս հարցի շուրջ տրամաբանորեն հակառակ կարծիքի են, եւ անում են ամեն բան՝ արգելելու համար ամերիկյան թռչնամսի մուտքն իրենց երկիր, Գրիշա Բաղյանն ասաց. «Չարժե անհանգստանալ. ԱՄՆ-ից ներկրված հավի տոտիկներն առողջության համար լիովին անվնաս են»։