«Գեորգի Գարանյանի ստեղծագործական գործունեությունը Հայաստանի բոլոր երաժիշտների մոտ հիացմունք էր առաջացնում, մենք բոլորս սովորել ենք նրա մոտ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի հայ սաքսոֆոնահար Դավիթ Նալչաջյանը։

Երաժշտի խոսքով, ինքը անձամբ պատիվ է ունեցել շփվել վարպետի հետ, երբ վերջինս համերգներով հանդես էր գալիս Երեւանի ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում։

«Վառ տպավորություններ ունեմ նրա հետ շփումից, նա անշուշտ հանճարեղ սաքսոֆոնահար էր։ Հանդիպման ժամանակ նա մեզ նույնիսկ նվիրեց երաժշտական գործիքներ, մեզ համար մեծ պատիվ էր նման արտիստի հետ նվագելը»,-նշեց ջազմենը։ Նալչաջյանի խոսքով, Գարանյանն անընդհատ հաղորդակցվում էր հայ երաժիշտների հետ, մշակում համատեղ ծրագրեր, հաճախ համերգներով հայրենիք էր գալիս։ Երաժշտի խոսքով, Գարանյանի մահը մեծ կորուստ է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մշակութային հասարակության համար։ Նշենք, որ Գարանյանը մահացել է Կրասնոդարում, ուր իր նվագախմբի հետ մեկնել էր հյուրախաղերի։ Նա 76 տարեկան էր եւ չնայած այդ հասակին՝ ղեկավարում էր մի քանի երաժշտական անսամբլներ։ Իր ամենամեծ ձեռքբերումը համարում էր գործիքավորման մասին գրած դասագիրքը։ Ռուսաստանի բոլոր կրթական հաստատություններում նրա դասագրքերով սովորում են ոչ միայն ուսանողները, այլեւ դասախոսները։ «Ջազը կազմում է իմ կյանքի 90 տոկոսը»,-ասում էր Գարանյանը։