Հայ ազգային կոնգրեսը չի ճանաչում հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ընտրության արդյունքները եւ այն բողոքարկելու է դատական բոլոր ատյաններով՝ անվավեր ճանաչելու պահանջով: Այդ մասին ասված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ինչպես եւ սպասվում էր, թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Աժ պատգամավորի ընտրությունում վարչախումբը կրկին ամբողջ թափով գործի դրեց բռնությունների, ապօրինությունների եւ ընտրակեղծիքների իր մեքենան՝ մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսները»,- նշել են ՀԱԿ-ի պատասխանատուները:

«Հայ ազգային կոնգրեսը չի ճանաչում ընտրության արդյունքները եւ այն բողոքարկելու է դատական բոլոր ատյաններով՝ անվավեր ճանաչելու պահանջով»,- նշել են հայտարարության հեղինակներն ու նկատել. «Այս պայմաններում, այնուամենայնիվ, ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին արձանագրված ձայների տոկոսը վկայում է Հայ ազգային կոնգրեսի՝ որպես քաղաքական ուժի, հզորության ու աճող հեղինակության մասին: Նախորդ՝ քաղաքապետարանի ավելի մասշտաբային ընտրությունների համեմատ, ավելի մեծ կեղծիքների ու ապօրինությունների գործադրմամբ հանդերձ, վարչախմբի գնած, պարտադրած, գողացած ու մեր ինքնաբուխ ստացած ձայների տոկոսային հարաբերակցությունը հօգուտ Կոնգրեսի՝ ավելացավ շուրջ 2,5 անգամ»:

Ըստ ՀԱԿ-ի՝ «Հանուն սահմանադրական կարգի վերականգնման մեր պայքարի մեջ սա անհրաժեշտ եւ խիստ օգտակար մի փուլ էր՝ վերջնական հաղթանակի ճանապարհին: Ռեժիմի ամեն մի նմանօրինակ ջղաձգություն, նրա քրեականացման աստիճանի խորացման ամեն մի այսպիսի ցուցադրում վկայություն է ոչ թե նրա ուժի եւ ամրության, այլ ի հայտ է բերում նրա թշվառությունը եւ սեփական ժողովրդից անսահման վախը»:

«Դա մեծացնում ժողովրդի ինքնավստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ, մեզ դարձնում ավելի վճռական, իսկ հասարակության մեջ խորացնում ու ամրապնդում է այն համոզումը, որ ավազակապետական ռեժիմի հեռացմանն այլընտրանք չկա: Ուստի այլընտրանք չկա նաեւ ժողովրդի մոտալուտ հաղթանակին»,- ամփոփել են հայտարարության հեղինակները:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ընտրություններում պաշտոնական տվյալներով՝ հաղթանակ էր տարել «Ազգային Միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը, իսկ ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանը հավաքել էր մոտ 2 հազար ձայն պակաս: