Երեւանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին եւ զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում:
Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանից քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր շարժակազմով ուղեւորվել է «Սասունցի Դավիթ» կայարան: Քաղաքապետին զեկուցվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղեւորասրահով երեք նոր շարժակազմերին մինչեւ տարեվերջ կգումարվի եւս երկուսը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է տնտեսած գումարների հաշվին շարունակել շարժակազմերի նորացման աշխատանքները: Քաղաքապետին զեկուցվել է նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է որոշակի քայլեր ձեռնարկել մետրոպոլիտենի շրջակա տարածքում բարեկարգման աշխատանքներ նախաձեռնելու ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, հավանություն տալով «Զորավար Անդրանիկ» կայարանի տարածքում առեւտրի կազմակերպման համար սահմանված վայրերում վարձակալի կողմից վերջերս ամբողջությամբ արդիականացված կրպակաշարերի արտաքին տեսքին, քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաեւ մետրոպոլիտենի մյուս կայարաններում առկա առեւտրային կետերը եւս միանման տեսքի բերելու ուղղությամբ:
«Հանրապետության հրապարակ» կայարանում Տարոն Մարգարյանը նախ այցելել է ստորգետնյա պոմպակայան եւ ծանոթացել է մետրոպոլիտենի ստորգետնյա գրունտային ջրերի հեռացման պոմպակայանների արդիականացման ընթացիկ աշխատանքներին: Հատկանշական է, որ մետրոպոլիտենի գործարկման օրից ի վեր պոմպակայանները երբեւէ չեն արդիականացվել, ինչն իր հերթին մեծապես խոչընդոտել է մետրոպոլիտենի սարքավորումների բնականոն աշխատանքին: Համալիր ծրագրի իրականացման արդյունքում ամբողջովին կլուծվի մետրոպոլիտենի ջրահեռացման խնդիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարանների պոմպակայանների արդիականացման աշխատանքներն ավարտել հնարավորին կարճ ժամկետում. «Պոմպակայանների արդիականացման ծրագիրը ներառված է մեր այս տարվա ծրագրերում եւ արդեն հաջորդ տարի մենք ամբողջությամբ կավարտենք այն ու այս խնդիրը եւս կլուծվի»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը «Երիտասարդական» կայարան է ուղեւորվել էլեկտրոնային վահանակով կառավարվող նոր շարժակազմի մեքենավարական խցիկում: Մեքենավարը նշել է, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը զգալիորեն հեշտացել է շարժակազմերի շահագործումը:
«Երիտասարդական» կայարանի մեքենայական սրահում քաղաքապետը հետեւել է նաեւ շարժասանդուղքներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Շրջայցի շրջանակում ծանոթանալով մետրոյի կայարանների ստորգետնյա անցման եւ հարակից տարածքների պայմաններին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարաններում ավելացնել նստարանների քանակն ու բարեկարգել կայարանների մուտքերի աստիճանավանդակները:
Տարոն Մարգարյանը զրուցել է նաեւ ուղեւորների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու մետրոյի սպասարկման որակի եւ արդյունավետության հետ կապված առաջարկությունները:
Տարոն Մարգարյանը այցելել է նաեւ մետրոպոլիտենի կենտրոնական կարգավարական կառավարման եւ տեսահսկման իրավիճակային կենտրոններ, զրուցել աշխատակիցների հետ: Զեկուցվել է, որ ուղեւորների անվտանգությունն ապահովելու նպատակով մետրոպոլիտենի կայարաններում տեղադրվել են շուրջ 200 տեսախցիկներ, որոնց աշխատանքին պլազմային մեծ մոնիտորներով 24 ժամ անընդմեջ հետեւում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները: Քաղաքապետը հանձնարարել է մետրոպոլիտենի աշխատանքի լիարժեք տեսահսկումն ապահովելու նպատակով կարճ ժամանակում մնացած անհրաժեշտ տարածքները եւս կահավորել տեսախցիկներով:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մետրոպոլիտենի աշխատակազմի հետ: Շնորհակալություն հայտնելով սրտացավ ու նվիրված աշխատանքի համար, քաղաքապետը վստահեցրել է, որ մետրոպոլիտենը` իր ռազմավարական նշանակությամբ, մշտապես լինելու է թե հանրապետության ղեկավարության, եւ թե քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Խոսելով մետրոպոլիտենի առաջիկա անելիքների եւ զարգացման ծրագրերի մասին, Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ մետրոպոլիտենի ընդլայնման նպատակը մշտապես լինելու է օրակարգում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կյանքի կկոչվեն բոլոր այն զարգացման հեռանկարները, որոնք մետրոպոլիտենի աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ. «Վերջին տարիներին մեծ ծրագրեր են իրականացվել մետրոպոլիտենում, որոնք այսօր էլ շարունակվում են: Մեր առաջնային խնդիրը մեր համաքաղաքացիների անվտանգ ու հարմարավետ երթեւեկության ապահովումն է, ինչը քայլ առ քայլ իրականացնում ենք: Պետք է փորձենք նաեւ ներդրումային ծրագրերի շրջանակում ավելի հիմնարար խնդիրներ կարգավորել մետրոպոլիտենում, այդ թվում նաեւ շարժակազմերի արդիականացման ու թարմացման ուղղությամբ», - շեշտել է քաղաքապետը:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաեւ «Էլեկտրատրանսպորտ» ընկերություն: Քաղաքապետին զեկուցվել է, որ տրոլեյբուսային պարկում առկա 79 շարժակազմերից այսօր շահագործվում է 60-ը: Քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի վիճակը բարելավելու եւ հավաքակայանը արդիականացնելու ուղղությամբ. « Էկոլոգիապես մաքուր այս փոխադրամիջոցն անհրաժեշտ է Երեւանին: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր հետագա ծրագրերով ապահովենք էլեկտրատրանսպորտի զարգացումը, մասնավորապես շարժակազմերի արդիականացման, ցանցի ընդլայնման եւ մալուխային ցանցերի թարմացման մասով»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է նաեւ հստակ եւ որոշակի քայլեր ձեռնարկել առկա շարժակազմերի պահպանման եւ արտաքին տեսքի բարելավման ուղղությամբ:




























