Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն այսօր` սեպտեմբերի 7-ին բողոքի հերթական ակցիան են անցկացրել Գլխավոր դատախազության շենքի առջեւ:

ՀԱԿ ակտիվիստները պահանջել են արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին եւ պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց:

Ելույթ է ունեցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով հավաքվածներին շնորհակալություն է հայտնել ակտիվիստներին մշտապես սատարելու համար, եւ համոզմունք է հայտնել, որ Կոնգրեսը իր համառ պայքարի շնորհիվ հաղթանակի է հասնելու:

ՀԱԿ ակտիվիստները նշել են, որ շարունակաբար` ամեն ուրբաթ հավաքվելու են դատախազության առջեւ:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին բախում էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ քրգործ հարուցել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով: Ակտիվիստների պնդմամբ, ոստիկաններն էլ դաժան ծեծի ենթարկել իրենց:

Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա`  Արտակ Կարապետյանին, եւ երկուական տարվա ` Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին: