Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները այս պահին ընթանում են բնականոն հունով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նա նշեց, որ ԿԸՀ-ն առայժմ ահազանգեր է ստացել` կապված թանաքների հետ: «Հանրապետության տարածքում ձեւավորված մի քանի տեղամասյին ընտրական հանձնաժողովներում առաջացել են խնդիրներ` կապված թանաքի հետ, ահազանգել են, որ այն շուտ է անհետանում»,- ասաց մամուլի խոսանկը` հավելելով, որ դրանք եզակի դեպքեր են: Հերմինե Հարությունյանի փոխանցմամբ` հրահանգվել է այն խառնել սովորական թանաքի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ:
Նշենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւս խնդիրներ էին առաջացել թանաքի հետ:




























