Երեկ «ՄԱՊ» ՓԸ ընկերության գլխավոր տնօրեն, Աժ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդի Մակար Պետրոսյանը հրավիրվել է Ոստիկանության Արմավիրի բաժին: Ըստ NEWS.am-ի աղբյուրի, Մակար Պետրոսյանին հարցաքննել են նախօրեին Բամբակաշատ գյուղում տեղի ունեցած ծեծի գործով եւ բաց թողել:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում` հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ եւ ձախ վերին եւ ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արամ Մելիքյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք վիճաբանել են Արամ Մ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան եւ պատճառել վնասվածքներ:
Արամ Մ.-ից ընդունվել է հաղորդում եւ նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունը ձերբակալել էր 30-ամյա ոմն Կառլեն Ե.-ին եւ 32-ամյա Զոհրաբ Ե.-ին: Սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ, ծեծը կազմակերպել էր հենց Մակար Պետրոսյանը:





























