ՀՀ կառավարությունը դեմ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից հերոսի կոչում ու մարտական խաչ ստացածներին նպաստ տրամադրել: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին ՀՀ կառավարության նիստում, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ, ՀՀ կառավարությունն ընդունեց մերժումը հաստատող որոշում:

Ըստ Հ. Հակոբյանի՝ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած 6 անձանց ընտանիքներից 2-ը նաեւ Հայաստանի ազգային հերոս են, իսկ 1-ը` ՀՀ քաղաքացի: ԼՂՀ Նախագահի հրամանագրով Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգեւատրվել են 90 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 26-ը պարգեւատրվել են Հայաստանի Նախագահի հրամանագրով, եւ նրանց ընտանիքներն արդեն  իսկ ստանում են (կարող են ստանալ) զոհված` Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգեւատրված ամձի ընտանիքի նպաստ: Պատգամավորի առաջարկի իմաստն այն է, որ բոլոր հերոսների համար ստեղծվեն հավասար պայմաններ, անկախ նրանից, թե ով է կոչում կամ շքանշան տրամադրել՝ Հայաստանի՞, թե՞ ԼՂՀ նախագահը:

Սակայն, ըստ ՀՀ կառավարության դիրքորոշման, դա կհակասի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին, որը կարգավորում է միայն ՀՀ-ում պետական նպաստների հետ կապված հարաբերությունները: Բացի այդ՝ բյուջեում կառաջանան լրացուցիչ պարտավորություններ՝ մոտ 83 մլն դրամի չափով, ինչը նախատեսված չէ միջինժամկետ ծախսային ծրագրով: