Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բացել է համակարգչային լսարան։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ զորամասերը համակարգչային լսարաններով զինելու ծրագիրը հիմնադրամն իրականացնում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ «Այսօր դժվար է պատկերացնել որեւէ գործընթաց, առավել եւս որակյալ կրթություն առանց նյութատեխնիկական հագեցվածության։ Նորաստեղծ այս լսարանը կօգնի զինծառայողներին ավելի արդյունավետ դարձնել ուսումնական պրոցեսը։ Այսօր մեր զինվորների թվում շատ են եւ բարձրագույն կրթություն ունեցողները, եւ այնպիսի երիտասարդներ, ովքեր մտադիր են շարունակել կրթությունը։ Նման լսարաններով մենք հնարավորություն կտանք նրանց չկտրվել ուսումնական գործընթացից եւ այն դարձնել շարունակական»,- նշել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ լսարանն առաջիկայում կհամալրվի նաեւ մասնագիտական գրականությամբ։ Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ ՀԵՀ-ի կողմից զորամասերը համակարգիչներով համալրելու ծրագիրը շարունակական է. նման լսարաններ կբացվեն բոլոր զորամասերում։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերը սերտորեն համագործակցում են երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ։ Նախարարը կարեւորել է հիմնադրամի նախաձեռնած ծրագիրը։ «Նման լսարանները հնարավորություն են տալիս կատարելագործել զինվորների գիտելիքները։ Օգտվելով համակարգիչներից՝ նշանակում է ներգործել առաջատար համակարգեր, ավելի շատ տեղեկություններ ունենալ եւ այդ ամենն օգտագործել զինված ուժերի համար»,- նշել է պաշտպանության նախարարը։





























