Ռոզա Կիրակոսյանի (անուն-ազգանունը փոխված է) ամուսինը ամուսնության 12 տարիների ընթացքում վարել է անբարո կյանք, հարբել, նվաստացրել ու ծեծել նրան, իսկ կնոջ բացակայության ընթացքում տուն է բերել իր սիրուհիներին: Ավելին` կնոջ նկատմամբ մահափորձ է կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ռոզա Կիրակոսյանը:

Ռոզայի խոսքով, ամուսինը խաղամոլության հետեւանքով պարտքեր էր կուտակել, իսկ ինքը աշխատելով մարել է ամուսնու կուտակած պարտքերը: «Մի անգամ էլ ամուսինս հարբած եկավ իմ աշխատավայր, ծեծեց, փորձեց անգամ սպանել ինձ, որի արդյունքում ես տեղափոխվեցի հիվանդանոց ու մի քանի օր հետո որդուս հետ վերադարձա հայրական տուն: Նա այնտեղ էլ ինձ հանգիստ չթողեց: Հարբած գալիս էր, հայհոյում, սպառնում եւ գումար պահանջում»,- պատմեց Ռոզան: Հասկանալով, որ ամուսինս վտանգ է ներկայացնում իր կյանքի համար` Ռոզան դիմել է ոստիկանություն, հետո` Կանանց իրավունքների կենտրոն: Սակայն ավելի ուշ ոստիկանությունից հետ է վերցրել իր բողոքը:

«Ես ցանկանում եմ որդուս համար հանգիստ ու բարեկեցիկ կյանք ապահովել, ուստի հետ վերցրի դիմում-բողոքս, որպեսզի ապագայում հոր եւ որդու հարաբերությունները չտուժեն: Որոշեցի հորը չզրկել երեխայի հետ տեսակցվելու իրավունքից: Հիմա ես որդուս հետ բնակվում եմ իմ հայրական տանը: Կանանց իրավունքների կենտրոնի աշխատակցի օգնությամբ ես գտել եմ նաեւ աշխատանք եւ կարողանում եմ հոգալ մեր կարիքները»,- ավելացրեց Ռոզան:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28: