«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները սեպտեմբերի 15-ին «Մենք կարող ենք» քարոզարշավի շրջանակում, «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությանը միանալով, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի տարածքում կիրականացնեն աղբահավաքում։

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ից հայտնում են, որ հանրային կապերի ապագա մասնագետներն ու լրագրողներն իրենց նախաձեռնությամբ կոչ են անելու հանրությանը պահպանել պատմական արժեք ունեցող վայրերն ու չաղտոտել բնությունը։

Սեպտեմբերի 15-ին` ժամը 10:00-ին, քարոզարշավի մասնակիցներին և լուսաբանող ԶԼՄ-ներկայացուցիչներին «Կարմիր բլուր» հնավայրի մուտքի մոտ կդիմավորեն «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի տնօրեն Սուրեն Մալխասյանը։ Կներկայացվի քարոզարշավի նպատակն ու անհրաժեշտությունը, ապա` կկազմակերպվի ճանաչողական էքսկուրսիա հնավայրի տարածքում, որից հետո մասնակիցները կիրականացնեն տեսակավորված աղբահավաք։

Տեղեկանք

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայր

Երևանի հարավ-արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին է գտնվում Կարմիր բլուր հնավայրը, որի տարածքում մ.թ.ա. VIIդ. 1-ին քառորդում Ուրարտական թագավոր Ռուսա Բ-ի (685-645թթ.) օրոք հիմնադրվել է Թեյշեբաինի բերդ-ամրոցը: Այն նվիրված է եղել ուրարտական հզոր աստվածներից երկրորդին` ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբային:

«Let’s Do It!»

«Let’s Do It!» համաշխարհային շարժման հիմքում ընկած է 2008թ-ին Էստոնիայում իրականացված մեծ համաէստոնական աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան 10 000 տոննա կենցաղային աղբից: Այս միջոցառումն օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար. Լատվիայում` 60 000, Լիտվայում 110 000, Սլովենիայում 246 000 մարդ մասնակցել է նմանատիպ միջոցառումների: Հարյուրավոր հեղինակավոր կազմակերպություններ միացել են շարժմանը և միլիոնավոր կամավորների օգնությամբ մաքրում են իրենց երկիրն աղբից: 2012թ-ին Հայաստանը նույնպես միացել է էկոլոգիական այս շարժմանը: