2010թ. հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ հունվարի 12-ի դրությամբ Հայաստանի դատախազությունում ստացվել է 1 հաղորդում, եւս 7 հաղորդման ընթացք է տրվել դատախազության նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քր.գործ է հարուցվել քր.օրենսգրքի 258 (Խուլիգանություն) հոդվածի հատկանիշներով:

Քր.գործը հարուցվել է 2010թ. հունվարի 10-ին՝ ժամը 14:45-ին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց տեղի ունեցած վիճաբանության փաստի առիթով, երբ ծեծի էին ենթարկվել Պետրոս Մակեյանը, Կարեն Մակեյանը եւ Սուրեն Մարտիրոսյանը: Գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններում հաղթանակ էր տարել «Ազգային Միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը: Ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ՝ ընտրություններն անցել են համատարած կեղծիքի եւ բռնությունների մթնոլորտում: