Հայաստանում բնապահպանական առաջնահերթ խնդիրներից է աղբահանությունն եւ դրա վերամշակումը: Այդ մասին այսօր`սեպտեմբերի 18-ին Երեւան-Մոսկվա-Աստանա-Կիեւ տեսակամուրջի ժամանակ ասաց քաղաքապետարանին առընթեր բնապահպանության հանձնաժողովի նախագահ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանելիանը:
Տեսակամրջին մասնակցող բոլոր երկրների բնապահպաններն էլ համակարծիք էին, որ աղբահանությունն ու դրա վերամշակումը այդքան էլ հեշտ գործ չէ: Եթե Ռուսաստանին որոշ չափով փրկում է իր տարածքը, ապա, օրինակ, Հայաստանը եւ Մոլդովան կանգնած են իսկական բնապահպանական աղետի առջեւ:
«Մեծ քաղաքները իրենց հյուրերին դիմավորում ու ճանապարհում են աղբանոցներով: Չնայած հիմա որոշ չափով կատարվում է աղբի ու թափոնների վերամշակում ` մասնավորապես պլաստիկ նյութերի ու մակուլատուրայի տեսքով , այնուամենայնիվ, այն դեռ համակարգված չէ»,-ասաց Կ. Դանիելյանը:
Բնապահպանը նշեց , որ ելնելով Կիոտոյի համաձայնագրից, Ճապոնիան Հայաստանին ներկայացրել էր աղբահանության ու վերամշակման ծավալուն ծրագիր, սակայն հայկական կողմը մի շարք անիմաստ պատճառաբանություններով ձգձգում էր բանակցությունները: «Ծրագիրը բավականին ծավալուն էր, աղբավայրի վերամշակումից ստացվելու էր բիոգազ ու էլեկտրաէներգիա: Պայմանագիրը կնքվեց, բայց ճապոնացիները շահագործման համար ստացան բավականին փոքր տարածք, արդյունքում այժմ ստացվում է միայն բիոգազ, իսկ էլեկտրաէներգիա չի արտադրվում: Այդպես էլ պարզ չդարձավ ,թե ինչը խանգարեց ճապոնացիների հետ շահավետ ու ծավալուն պայմանագրի կնքմանը: Պատճառը գուցե այն է, որ աղբավայրը դարձել է բիզնեսի միջոց ու ոմանց ձեռնտու չէր դրա շահագործումը»,- ասաց բնապահպանը:
Նա նշեց, որ բնապահպանական խնդիրներից,աղբի ու քիմիական թափոնների վնասակար ազդեցությունից խոսում են շատերը`մոռանալով կարեւոր հիմնախնդիրների մասին, որ նախ պետք է ճշտել հասարակության վերաբերմունքը` արդյոք պատրաստ է մեր բնակչությունը աղբը թափելուց առաջ տեսակավորել այն` դրա հետագա վերամշակումը հեշտացնելու համար: «Ադեկվատ չէ նաեւ իշխանությունների վերաբերմունքը, օրենքները չեն կիրառվում: Դրան ավելացնենք բնական աղետներն ու անվերջ ծառահատումները: Հայաստանում դեռեւս չկա քիմիական թափոնների համար նախատեսված առանձին աղբավայր: Ամեն ինչ հավաքվում է մի տեղում կամ ուղղակի թաղվում: Ճիշտ է այս բոլորի համար կպահանջվի հատուկ ծրագիր ու ֆինանսական միջոցներ, բայց դա կարելի է անել համակարգված ու քայլ առ քայլ»,- ասաց Կարինե Դանիելյանը:





























