Արարատի մարզի գյուղերից մեկում ազգությամբ եզդի 20-ամյա Հ.Ս-ն ամուսնացել է իր հորաքրոջ անչափահաս դստեր` Զ.Խ-ի հետ եւ սեռական հարաբերություններ ունեցել: Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
Հ.Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. օգոստոսի 25-ին ամուսնացել է իր հորաքրոջ դստեր` համագյուղացի անչափահաս բնակչուհի, 1996թ. ծնված Զ.Խ-ի հետ եւ մինչեւ Զ.Խ-ի 16 տարին լրանալը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Զ.Խ-ի հետ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի141 հոդվածի հատկանիշներով` 17 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Հ.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Հ.Գ Տուժողի եւ ամբաստանյալի ինքնությունը փոխված է ներկայացված:




























