Հրշեջները մոտ 5 ժամ անց կարողացել են մարել Գյումրիում բռնկված հացաբուլկեղենի խանութ արտադրամասը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Շիրակի թղթակիցը, ժամը 01:20-ի սահմաններում հրշեջները կարողացան հանգցնել սեպտեմբերի 19-ին, ժամը 21:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում գտնվող «Պուրակ» հացաբուլկեղենի խանութ-արտադրամասում բռնկված խոշոր հրդեհը: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am Շիրակի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Կարեն Գրիգորյանը նշեց, որ ընդհանուր առմամբ այրվել է 420 քմ մակերեսով տարածք: «Այրվել է հացաբուլկեղենի ծածկի փայտյա հիմնատարերը, կախովի առաստաղի երեսպատումը, ջերմությունից պայթել են ցուցափեղկերը, սառնարանները եւ որոշ հացաբուլկեղենի սարքավորումներ, զոհեր եւ վիրավորներ չկան»,-ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ժամը 21:30-ի սահմաններում հրդեհվել է Գյումրի քաղաքի Հաղթանակի փողոցում գտնվող «Պուրակ» հացաբուլկեղենի խանութ-արտադրամասը:

Դեպքի վայրում աշխատել է 3  մարտական հաշվարկ: NEWS.am-ի Շիրակի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն ասաց, հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել են նաեւ քաղաքի բնակիչները:

Արտադրամասի տնօրենը փոխանցել է, որ տեղյակ չէ, թե ինչը կարող էր հրդեհի առաջացման պատճառ դառնալ: «Դիտավորությունը բացառում եմ: Մենք Գյումրիում թշնամիներ չունենք: Շատ արագ, գոնե մինչեւ դեկտեմբեր կփորձենք կառույցը վերականգնել, չնայած նյութական վնասը շատ մեծ է»,- ասել է նա:

Նշենք, որ ոստիկանները փակել էին Հաղթանակի պողոտա տանող ճանապարհները:

 

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի