Հանրային գրադարանի շենքի վերանորոգման համար ՀՀ կառավարությունը 2008 թ. հատկացրել է 690 մլն դրամ, սակայն մինչ այսօր վերանորոգման աշխատանքները ավարտին չեն հասցվել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը՝ պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին:

Վերանորոգման նախահաշվով նախատեսվել է ամրակայել շենքը եւ բարձրացնել սեյսմակայունությունը, կարգի բերել ջեռուցման ու օդափոխության համակարգերը: Սակայն վերանորոգման ընթացքում նախապատվություն է տրվել շենքի արտաքին եւ ներքին հարդարմանը, իսկ շենքի ամրակայման, ջեռուցման եւ օդափոխության համակարգերը տեղակայված չեն: Ըստ նախարարի՝ աշխատանքների մի մասը կատարվել է անորակ, նույնիսկ հակահրդեհային համակարգը սխալ է տեղադրվել:

Արդյունքում՝ նոր գումարներ հատկացնելու ահրաժեշտություն է առաջացել: «Սա խայտառակություն է, կարեւորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները ավարտված չեն, ու լրացուցիչ գումար պետք է հատկացնել»,- բարկացած հայտարարեց վարչապետը; նա պահանջեց վերահսկողական ծառայություններին՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարել, ու բոլոր նյութերը հանձնել իրավապահ մարմիններին: