34-ամյա Ա.Մ-ն, Երեւանից հետապնդելով Ն.Ա-ին, Քասախ գյուղի կանգառում նրան բռնի ուժով առեւանգել է: Վեդիի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
Ա.Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով Երեւան քաղաքի բնակչուհի Ն.Ա-ին առեւանգելու մասին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ա. Պ-ի առաջարկությանը համաձայնելով, պայմանավորվածության համաձայն հանդիպել է նրան եւ իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից տարածք, որտեղից հետապնդել են թիվ «37» երթուղային տաքսիով Կոտայքի մարզի Քասախ գյուղ ուղեւորվող Ն.Ա-ին: Քասախ գյուղի կանգառում Ա.Պ-ը մոտեցել է Ն.Ա-ին, գրկել նրան եւ ուժի կիրառմամբ նստեցրել է ավտոմեքենայի հետեւի նստատեղին, իսկ Ա.Մ-ը, անտեսելով Ն.Ա-ի շուրջ 15 րոպե տեւած գոռգոռոցները, իրեն բաց թողնելու խնդրանքները, լացն ու օգնության կանչերը, արագ շրջադարձ է կատարել եւ վարել ավտոմեքենան դեպի Արարատի մարզ: Այդ ընթացքում Ա.Պ-ը Ն.Ա-ի օգնության կանչերը խլացնելու համար բարձրացրել է ավտոմեքենայի լուսամուտների ապակիները եւ նվագարկիչի ձայնը:
Ներկայումս Ա.Մ-ն գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մարդուն առեւանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով:





























