37-ամյա Ա.Հ-ն Երեւան քաղաքում իրացնելու նպատակով պատրաստել է 12 հատ պոռնկագրական կինոյի եւ տեսաֆիլմերի սկավառակներ, որոնցից 8-ը իրացրել է Վայքում: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին փոխանցեցին, որ սույն գործը արագացված դատաքննությամբ քննվել է իրենց մոտ:
37-ամյա Ա.Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, որպես տեսաերիզների առքուվաճառքով զբաղվող, համացանցից տեղեկատվություն իր համակարգչում քաշելու միջոցով, իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել է 12 հատ պոռնկագրական կինոյի եւ տեսաֆիլմերի սկավառակներ, որոնցից 8 հատը նույն ժամանակահատվածում Երեւան քաղաքի Սվաճյան փողոցում գտնվող իր կրպակից յուրաքանչյուրը 400 ՀՀ դրամով ապօրինի իրացրել է Վայք քաղաքի 37-ամյա բնակիչ Ա.Ս-ին: Իսկ վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որ տեսասկավառակներից 2 հատը Վայքի «Աշխեն Մուրադյան» վաճառակետում յուրաքանչյուրը 1000 դրամով ապօրինի տարածել եւ իրացրել է Վայք քաղաքի բնակիչ` Մ.Հ-ին, մյուս 6 հատ սկավառակները հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից «Աշխեն Մուրադյան» Ա/Ձ վաճառակետից:
Արագացված դատաքննությամբ Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանը 37-ամյա Ա.Հ-ին եւ 37-ամյա Ա.Ս-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրանց նկատմամբ նշանակել պատիժ 200 հազար դրամ տուգանքի ձեւով: Նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ:




























