Ժամանակակից Վիլնյուսի անքակտելի մասն են կազմում գույնզգույն օդապարիկները, որոնք ամեն առավոտ սահուն սավառնում են քաղաքի գլխավերեւում: Օդապարիկով թռչելու տոմսը, պարաշյուտով ցատկը, փոքր ինքնաթիռով կամ պլաներով թռչելն անփոխարինելի նվեր են ծննդյան տարեդարձի առթիվ:

Հաճելիորեն զարմացնում է այն, որ ընդամենը 62,500 քկմ մակերեսով երկրում այդքան զարգացած է Փոքր ավիացիան:

Երկրում շատ դպրոցներ են գործում, որտեղ ուսանում են ամբողջ աշխարհից, այդ թվում` Հայաստանից գնացած օդաչուներ: Ուշագրավ է, որ ուսանողների շուրջ 15%-ն աղջիկներ են:

Վերջին տարիներին Հայաստանն ու Լիտվան բեղմնավոր համագործակցություն են հարթում տարբեր բնագավառներում, այդ թվում` կրթական: Դրանում կարելի է համոզվել օդաչուների նախապատրաստմամբ զբաղվող տարբեր ուսումնական հաստատություններ այցելելով:

Դրանցից մեկն «Օդաչուների դպրոցն» է (Pilotu Mokykla)`Լիտվայում առաջին մասնավոր դպրոցը որտեղ ուսանում են նաեւ հայ օդաչուներ: Դպրոցը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային ավիացիոն ասոցիացիայի հետ` օդաչուներին նոր տիպի ինքնաթիռների նամար նախապատրաստելու վերաբերյալ: «Օդաչուների դպրոցը» նաեւ ռազմական օդաչուներին վերաորակավորում է քաղաքացիականների:

Մյուս ուսումնական հաստատությունը, որտեղ սովորում էին հայ օդաչուները, «Բալթիական ավիացիոն ակադեմիան» էր (Baltic Aviation Academy): Ակադեմիայում կարելի է նաեւ տարբեր դասընթացներ անցնել:

Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ Դմիտրի Ադբաշյանը կարծում է, որ Հայաստանի եւ Լիտվայի համագործակցությունն ավիացիայի ոլորտում լավ հեռանկարներ ունի:

«Լիտվան փոքր եւ մեծ ավիացիայի կադրերի պատրաստման առումով լուրջ դիրք է զբաղեցնում  տարածաշրջանում, եւ մենք պետք է զարգացնենք համագործակցությունը: Երախտապարտ ենք  «Բալթիական ավիացիոն ակադեմիայում» աշխատող օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանին` Լիտվայի հետ մեր հարաբերություններն ամրապնդելու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ադբաշյանը;

Լիտվայի օդանավակայանում կարելի է անգամ փոքր երեխաների ինքնաթիռ տեսնել: Լիտվան Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ երեխաներին թռչել են սովորեցնում 9 տարեկանից սկսած; Այսինքն, երկրում կառավարական մակարդակով ամեն ինչ արվում է փոքր ավիացիայի զարգացման համար:

Այստեղ հստակ ըմբռնում են, որ ուժեղ փոքր ավիացիան ուժեղ մեծ ավիացիայի հիմքն է:

 «Հայաստանում եւս մի ժամանակ աերոակումբներ էին գործում: Յուրաքանչյուր ոք կարող էր թռչել ինքնաթիռով կամ պլաներով, պարաշյոտով: Փոքր ինքնաթիռների օդաչուների շարքում նաեւ աղջիկներ կային: Ցավոք, այժմ այս ոլորտում լավագույն ժամանակները չեն, սակայն զարգացման հեռանկար կա», - նշել է Ադբաշյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանում ժամանակին տեղական ավիաուղիների 12 աերոդրոմներ էին գործում, այդ թվում` Կապանում, Մեղրիում, Գորիսում, Ջերմուկում եւ այլն:

Ինչ վերաբրում է ուղեւորափախադրումներին, Ադբաշյանի խոսքով, փոքր ավիացիան կարող է բեռնաթափել ցամաքային տրանսպորտը: «Ճիշտ շահագործման եւ մարքեթինգի դեպքում փոքր ինքնաթիռով երթեւեկելը կլինի մատչելի եւ շատ ավելի արագ»:

Փոքր ավիացիան մեծ նշանակություն ունի նաեւ գյուղատնտեսության համար; Ճիշտ մոտեցման դեպքում փոքր ինքնաթիռների ծախսերը կփոխհատուցվեն արդեն 1-1.5 տարուց: «Փոքր ավիացիան պահանջված է Հայաստանում; Անհրաժեշտ է հիշել, որ մեծ ավիացիան սկսում է փոքրից»,- ընդգծել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը արդեն հայտնել էր Հայաստանի ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանի կարծիքը այն մասին, որ Հայաստանի ներկայիս օրենսդրությունը խոչընդոտում է Հայաստանում սիրողական եւ փոքր ավիացիայի զարգացմանը եւ որ փոքր ավիացիայի հանդեպ պետք է այլ, ավելի պարզեցված մոտեցում ցուցաբերվի։