Երեւան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գ. Ք-ն ամուսնալուծության շուրջ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել կնոջը, քաշել մազերից, ձեռքով դիտավորյալ հարվածել գլխին եւ պարանոցի շրջանի փափուկ հյուսվածքներին: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 13-ին սույն գործը վարույթ է ընդունվել իրենց մոտ եւ առաջիկայում կնշանակեն դատական քննության օրը:
43-ամյա Գ. Ք-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնալուծվելու պատճառով վիճաբանության մեջ է մտել կնոջ հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ, ծեծի է ենթարկել՝ քաշել մազերից, ձեռքով դիտավորյալ հարվածել գլխին եւ պարանոցի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձեւով պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմական վնասվածքներ:
Մինչ գործը դատարանում վարույթ ընդունվելը քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:Ներկա պահին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:





























