Կոտայքի մարզում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները անցել են օրենքի շրջանակներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Նրա փոխանցմամբ` որեւէ լուրջ արտառոց դեպք, որեւէ խախտում, որոնք կազդեին ընտրությունների արդյունքների վրա, չի արձանագրվել:
Իսկ թե ինչով է պայմանավորված Աբովյանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի` Կարապետ Գուլոյանի հաղթանակը, ապա, նրա խոսքով, Կարապետ Գուլոյանը 12 հազար մասնակիցների պարագայում 10 հազար քվե է ստացել, ինչը նշանակում է, որ նա իր ղեկավարած համայնքում ընդունված է, ունի ընտրազանգված, ով իր վստահության քվեն տվել է Կարապետ Գուլոյանին:
«Այդտեղ կա իհարկե իր աշխատանքը, բնականաբար Ծառուկյանի հանգամանքը եւս կա, նա բավականին ծրագրեր է իրականցնում: Նախկին քաղաքապետը Ծառուկյանի փեսան չէր, բայց նա էլի ծրագրեր էր իրականացնում: Եթե Կարապետ Գուլոյանը չաշխատեր, անկախ նրանից, ինքը Ծառուկյանի փեսան է, թե ոչ, ժողովուրդը իրեն ձայն չէր տա»,- ասաց նա:
Կովալենկո Շահգալդյանը նաեւ նշեց, որ իրենց համայնքների ղեկավարների ճնշող մեծամասնությունը բավականին լավ ղեկավարներ են, որոնք իրենց պաշտոնական պարտականությունները կատարում են, եւ պատահական չէ, որ Կոտայքի մարզի համայնքների բյուջեները կատարում են:
Նշենք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետ է վերընտրվել ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանը` հավաքելով 10 186 ձայն: Նրա մրցակիցը` անկուսակցական Արտաշես Մեհրաբյանը հավաքել է 1 778 ձայն: Մարզի Ծաղկաձոր քաղաքում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը: Նրա օգտին քվերակել է 646 մարդ: Մյուս թեկնածուի` «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովիկ Հակոբյանի օգտին քվեարկել է 248 մարդ: Իսկ Եղվարդում առաջդրվել էր մեկ թեկնածու` ՀՀԿ-ից Նորայր Սարգսյանը, ով էլ ընտրվեց քաղաքապետ:




























