«Հայաստանի առջեւ ներքին եւ արտաքին բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած, որոնք կաշկանդում են երկրի զարգացումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ վարչության անդամ Վահան Շիրխանյանը։
Ներքին մարտահրավերներից առանձնացնելով հատկապես ստվերային տնտեսության առկայությունը, նա համոզմունք հայտնեց, որ հենց դրա պատճառով է Հայաստանը մնում բացառապես ներմուծող երկիր. «Ստվերային քաղաքականության պատճառով մեր երկրում չեն վերացել եւ չեն վերանա աղքատությունն ու արտագաղթը»,- նշեց նա։
Որպես Հայաստանի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերներ՝ նա մատնանշեց փոխզիջումային լուծումների պարտադրումը Ղարաբաղի հարցում՝ համոզմունք հայտնելով, որ "փոխզիջումային ցանկացած լուծում, իր գնահատմամբ, Հայաստանի համար կնշանակի միջանցքային լուծում։ «Բացի սրանից, մեր երկրի համար լուրջ մարտահրավերներ են ռուս-թուրքական մերձեցումն ու հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը՝ առանց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման»,- եզրափակեց նա։




























