Նախօրեին ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը 2011թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարց ուղղեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Պատգամավորի մտահոգությունը վերաբերում էր Վրաստանի Հանրապետությունում հայկական հյուպատոսարան հիմնադրելուն։
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Բոլոր հարցերը չէ, որ մեր ցանկացածով են իրականացվում, ու դա բնական է»։ Շարունակելով իր խոսքը՝ նա սկսեց երկար-բարակ բացատրել, որ մեր երկրի դիվանագիտական հարաբերություններում մեծ առաջընթաց կա, իսկ Հայաստանն էլ ունի երկու բարեկամ երկիր՝ «Մեկը Ռուսաստանն ա, մեկն էլ՝ Վրաստանը»։

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը դժգոհ մնաց վերջինիս պատասխանից. «Այն ձեռքբերումները, որ դուք մատնանշում եք, օրինակ՝ եկեղեցու կարգավիճակը, մեզ այնքան էլ անհրաժեշտ չէր, մեզ անհրաժեշտ էր կարգավիճակ, որպեսզի կարողանայինք դրանից բխող հետեւանքներով  տնօրինել Վրաստանի տարածքի հայկական հոգեւոր հուշարձանները, մինչդեռ ամեն ինչ ստացվեց հակառակը։ Այսինքն՝ վրացական կողմն ամեն ինչ արեց, որ մենք չտնօրինենք այդ կառույցները, եւ իրենք են շարունակում տեր դառնալ։ Իսկ թե այդ կարգավիճակը մեզ ինչ է տալիս, ես չգիտեմ, պարզապես այդ առումով բազմիցս հիշեցրել եմ հայտնի ժողովրդական խոսքը՝ անունը կա, ամանում՝ ոչ»»,- մեջբերում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։