Փողերի լվացման փաստով քրեական գործի հարուցման տեղեկատվությունը պարզապես համընկել է Վարդան Օսկանյանի քաղաքական գործունեության հետ: Ստուգումները վաղուց են կատարվել: Այս մասին հայտնել է Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` պատասխանելով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հարցին, ով հետաքրքրվում էր, թե արդյոք քրեական գործը կապ ունի Վարդան Օսկանյանի քաղաքական գործունեության հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 1-ին Գլխավոր դատախազի միջնորդությամբ քննվում է Վարդան Օսկանյանին` փողերի լվացման գործով  քրեական գործին որպես մեղադրյալ  ներգրավվելու հարցը:

Հովսեփյանը նշել է, որ Վարդան Օսկանյանի հաշվին, ընդհանուր առմամբ, փոխանցվել է 1 միլիոն 400 հազար դոլար, որից 1 միլիոն 200 հազարը` Վարդան Օսկանյանի անունով, որպես ստանդարտ ներդրում: Մնացած գումարը Օսկանյանը փոխանցել է այլ հաշվեհամարի  վրա կամ ծախսել է: Օրինակ, փետրվարին նա 10 հազար դոլար է ծախսել, 15 հազար դոլար փոխանցել է իր հաշվին: Ընդհանուր առմամբ սեփական կարիքների համար նա ծախսել է 181 հազար դոլար:

Հետեւաբար, նշել է Հովսեփյանը, գործարքը չէր կարող աննկատ մնալ Ազգային անվտանգության ծառայության կողմից:

ՀՀԿ-ի պատգամավոր Կարինե Աճեմյանը հայտնել է, որ համաձայն  պատգամավորի ներկայացրած փաստաթղթի, ստացվում է, որ հիմնադրամի Հոգաբարձուների  խորհուրդը տեղյակ է եղել ֆինանսական հոսքերի մասին, ինչից ենթադրվում է, որ Վարդան Օսկանյանի գործունեության մեջ անօրինական ոչինչ չի եղել: Գլխավոր դատախազը, որպես պատասխան, հայտնել է, որ խորհրդի որոշ անդամներ ցուցմունք են տվել այն մասին, որ նրանց տեղյակ չեն պահել վերոնշյալ գումարի մասին: Գլխավոր դատախազը հայտնել է, որ չի ցանկանում հայտնել նրանց անունները, սակայն նշել է, որ հիմնադրամի տնօրեն Վահե Աղաբեկյանը տեղյակ չի եղել տվյալ գումարի փոխանցումների մասին: «Եթե անգամ Խորհրդի անդամները տեղեկացված լինեին, դա չի նշանակում, որ Օսկանյանը իրավունք ունի գումարը տնօրինել իր հայեցողությամբ»,-նշել է Աղվան Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված  «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:

«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից: