Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խորհրդակցության ժամանակ անդրադառնալով հանրակրթության ոլորտին, հանձնարարել է խսիտ վերահսկողություն իրականացնել դպրոցներում` բացառելու համար դրամահավաքության որեւէ դեպք, այդ թվում  «Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» էլեկտրոնային կայքերի միջոցով կատարվող նվիրատվությունների դեպքում, որոնք կատարվում են միայն կամավոր սկզբունքով եւ պարտադիր բնույթ կրել դրանք չեն կարող:

Հանձնարարվել է նաեւ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական բոլոր դպրոցներում բացառել տետրերի, ալբոմների, գրենական պիտույքների եւ նման այլ պարագաների վաճառքը:

«Դպրոցը առեւտրի վայր չէ: Նմանատիպ երեւույթի վերաբերյալ ահազանգի դեպքում կկիրառվեն համապատասխան բոլոր միջոցները եւ պատասխանատվության կենթարկվեն»,-նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է առավել հետեւողական լինել եւ ուշադրության կենտրոնում պահել թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքն ու բնակչության կողմից այդ հեռախոսահամարներին ստացվող ահազանգերին արձագանքման ընթացքը: