Գալիք նախագահական ընտրությունների շեմին իշխանությունը փորձում է հարվածներ հասցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝  փորձելով թուլացնել նրան, տարանջատել Վարդան Օսկանյանին ԲՀԿ-ից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նա պատահական չի համարում, որ Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործը բացվեց  ԲՀԿ-ի՝ կոլաիցիա չմտնելու մասին հայտարարությունից մեկ օր անց, բայց այդ գործը չի սարքվել մեկ օրվա մեջ, այլ դրան երկար նախապատրսստվել են:  «Հույս կար, որ ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա, բայց քանի որ չմտավ, հաջորդ օրը գործի մասին հիշեցին: Այդպիսի քայլերով փորձում են կանգնեցնել ԲՀԿ-ի քայլերը՝  նախագահական ընտրություններին հանդես գալ սեփական թեկնածուով»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Վարդան Օսկանյանի հետ կապված քրեական գործը  իրավական հարթության մեջ քննարկելը ճիշտ չէ, քաղաքական խնդիր է, եւ առնվազն անհեթեթություն է, երբ գլխավոր դատախազը փորձում է պաշտպանել «Սիվիլիթասին» եւ Հանթսմանին Վարդան Օսկանյանից: Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ իշխանությունը հույս ունի, որ Վարդան Օսկանյանի կողմից հնչեցված տեսակետները իր տեսակետներն են, ոչ թե ԲՀԿ-ինը: Իսկ թե ինչ կլինի Վարդան Օսկանյանի ճակատագիրը, ապա, քաղաքագետի կարծիքով, դա կախված է հասարակության պահվածքից, եթե հասարակությունը ունենա կրավորական դիրքորոշում, նրան կարող են նույնիսկ գնդակահարել. «Սա Օսկանյանի, ԲՀԿ-ի խնդիրը չէ, մեր բոլորիս խնդիրն է, եթե Օսկանյանի վրա այդպիսի գործ կարող են սարքել, ապա բոլորիս վրա նման գործ կարող են սարքել: Սա պրոցես է, թե ուր կգնա, իշխանությունն էլ չգիտի, իշխանությունը փորձում է նշմարել հետեւյալ ուղենիշը, փորձում է  Օսկանյանին մեղադրանք ներկայացրել, կփորձի մեղադրանք ներկայացնել իր կուսակցիների հանդեպ, ՀՀԿ-ակաները այստեղ քաշված են, խորհուրդ կտամ պինդ պահեն իրենց, բռնվեն, լավ քնեն գիշերները, այն ինչ արվեց Խաչիկյանի հանդեպ, կարող է արվել իրենց հանդեպ»,- ասաց նա: Նրա կանխատեսմամբ՝ իշխանությունը կսկսի վհուկների որս իր շրջապատում, քավության նոխազներ են փնտվրում, մի քանի կարկառուն Հանրապետականների կբռնեն՝ փորձելով ցույց տալ, թե յուրայիններին էլ են բռնում, միեւնույն ժամանակ, կփորձեն բանակցւթյուններ սկսել ԲՀԿ-ի հետ՝ մեղմացնելու հարաբերությունները: Այս պրոցեսը շարունակելով՝ նա նշեց, որ  Վարդան Օսկանյնաի վարկանիշը կբարձրանա հասարակության շրջանում, ինչպես Ելցինի դեպքում եղավ, եւ իշխանությունը արդյունքում Վարդան Օսկանյանից կստանա լիակատար թեկնածու, որը լուրջ հաջողությունների կհասնի նախագահական ընտրություններում:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը բավարարել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը: Քվեարկությանը մասնակցել են 71 պատգամավորներ, կողմ են քվեարկել 64-ը, դեմ`6-ը: Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ՀՅԴ, «Ժառանգություն» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցություններն ընդհանրապես հրաժարվել էին քվեարկությանը մասնակցելուց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի անդամ է Վարդան Օսկանյանը, ցուցադրաբար լքել էր դահլիճը` մինչ այդ պահանջելով գլխավոր դատախազի  հրաժարականը:

ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված  «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:

«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի