Աշոտ Ավետիսյանի` Բանգլադեշցի Համոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությանը։
«Կարճման պատճառն էլ տուժող կողմի բողոքի բացակայությունն է:
Բազմիցս անդրադարձել ենք այս դեպքին. այս տարվա հունվարի 18-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայում Աշոտ Ավետիսյանը ծեծի էր ենթարկել տաքսու վարորդ Գագիկ Նազարյանին: Ավետիսյանը դեպքից հետո կալանավորվել էր եւ 20 օր անց ստորագրությամբ ազատ արձակվել: Նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), ավելի ուշ մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաեւ` ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը նախատեսում Է 3-7 տարվա ազատազրկում:
Ինչպես հայտնի է, Բանգլադեշցի Համոն, որն այս ծանր մեղադրանքներից արդեն ազատված է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմներից է»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























