Վարդենիսի տուն ինտերնատում սեպտեմբերի 4-ին մահացած 19-ամյա տղայի հուղարկավորությունից հետո, Տավուշի մարզում բնակվող տղայի մայրը`դիմել է Սոցիալական ապահովության ծառայություն` տղայի թաղման նպաստը ստանալու նպատակով, սակայն ապարդյուն: Այս մասին NEWS.am-ի թղթակց հետ զրույցում տեղեկացրեց  Պաշտպանի աշխատակազմի իրավապաշտպան Տաթեւիկ Թոխյանը:

Նպաստի համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստուգելուց հետո, ծառայության աշխատակիցները տիկնոջը հայտնել էին, որ հաջորդ ամսվա թոշակի հետ կփոխանցեն նաեւ նրա որդու թաղման նպաստը: Սակայն մայրը իր կենսաթոշակի եւ թաղման նպաստի համար, երբ  հաջորդ ամիս սոց. ապահովության ծառայություն  է այցելել, հայտնել են, թե թաղման նպաստի գումարի վճարումը կասեցված է` միաժամանակ նպաստի կասեցման վերաբերյալ ոչ մի պարզաբանում չտալով: Նյութապես ծանր վիճակի մեջ գտնվող մայրը, ով բացի հուղարկավորման ծախսերից, հոգացել էր նաեւ մահացած որդուն Վարդենիսի տուն-ինտերնատից Տավուշի մարզ տեղափոխման ծախսերը եւ այդ ամեն արել էր պարտքով, այժմ անելանելի վիճակում էր գտնվում: Նա դիմել է Պաշտպանին, իրեն աջակցել խնդրի լուծման հարցում:  ՀՀ օրենսդրության համաձայն բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում գտնվող անձի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե նրա հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը: Այս պարագայում քաղաքացին ներկայացրել է բոլոր հավաստող փաստաթղթերը, որ ինքն է հոգացել հուղարկավորության ծախսերը: Այժմ ՄԻՊ-ը պատրաստվում է դիմել Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարություն` խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով:  «Նշեմ նաեւ, որ պաշտպանին գրասենյակը վերջերս թաղման նպաստի վճարման հետ կապված շատ դիմում-բողոքներ է ստանում քաղաքացիներից»,- նշեց Պաշտպանի աշխատակազմի իրավապաշտպան Տաթեւիկ Թոխյանը: