ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2010թ. հունվարի 15-ին կալանավորվել է ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի կրտսեր օպերլիազոր Գ. Գրիգորյանը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2009թ.-ի դեկտեմբերի 18-ին` ժամը 03:20-ի սահմաններում, Գ. Գրիգորյանը, ալկոհոլ և թմրամիջոց օգտագործած վիճակում, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճել է ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, հայհոյել ու քաշքշել վերջիններիս, ինչպես նաև 2 կրակոց արձակել իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից:

Գ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է հատուկ քննչական ծառայությունում: