Հոկտեմբերի 4-ին Երեւանում տեղի է ունեցել Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության դիվանի նիստը, որի ժամանակ քննարկվեց նաեւ իրադրությունը տարածաշրջանում, մասնավորապես` Սիրիայում առկա ռազմաքաղաքական ճգնաժամը, որի հետեւանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ, այդ թվում` սիրիահայեր:
«ՌԱԿ Հանրապետական վարչությունը մտահոգ է Սիրիա - Թուրքիա սահմանին կատարված սադրանքից հետո Թուրքիայի խորհրդարանի` կառավարությանը անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ սկսելու թույտվության կապակցությամբ: Փաստ է, որ Թուրքիան իր «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականության համատեքստում ձախողել է հարաբերություններն իր անմիջական հարեւանների մեծ մասի հետ:
Այդ ձախողումներից հետո պաշտոնական Անկարան փորձում է տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատել սադրանքների ու նույնիսկ ռազմական գործողությունների միջոցով: ՌԱԿ Հանրապետական վարչությունը միջազգային հանրությանը կոչ է անում ամեն ինչ անել Սիրիա ներխուժելու Թուրքիայի մտադրությունը կանխելու համար, ինչը ուղղակի սպառնալիք է քաղաքացիական բնակչության եւ տեղի հայության համար:
ՌԱԿ Հանրապետական վարչությունը միաժամանակ կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը եւ ողջ Սփյուռքին ավելի ընդգրկուն ջանքեր գործադրել սիրիահայությանը բազմաբնույթ օգնություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:




























