«Եթե 2-րդ փուլից առաջ Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն լավ բանակցի մյուս թեկնածուների հետ կարող է նաեւ հաղթել ընտրություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ մյուս թեկնածուների մեջ լուրջ տոկոս են կազմում այն մարդիկ, որոնք ավելի շատ ժողովրդավարական հայացքներ ունեն:
«Հայկական մամուլում բոլորովին սխալ է մեկնաբանվում, որ Յանուկովիչը պրոռուսական է, իսկ Տիմոշենկոն` պրոեվրոպական: Այդպիսի բան չկա, երկուսն էլ հստակ պրոուկրաինական առաջնորդներ են:Ավելին, ռուսները լրջորեն մտածում են այն մասին, որ Յանուկովիչը ավելի „քարթու“ կլինի»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում, որ գործող նախագահ Վ. Յուշչենկոն ստանում է ընդամենը 5 տոկոս ձայն, Հ. Բագրատյանը պատասխանեց. «Դա սպասելի էր, եւ գործող նախագահը գիտեր այդ մասին: Նա ձախողված էր: Բոլորը գտնում են, որ նա համեմատաբար ազնիվ, հետաքրքիր անձնավորություն է, բայց ասենք մարդը նստում է ու բողոքում դատախազից, որ վաղը կհանի աշխատանքից: Նա էլ այդպես էր մտածում: Ի վերջո, նա ստացել է 2 անգամ ավելի շատ ձայն, քան ցույց էին տալիս բոլոր տեսակի հարցումները»։
Բագրատյանի խոսքով, ամենակարեւորն այն է, որ Ուկրաինայում ընտրություն է տեղի ունեցել: «Այդ երկրում ընտրություն է եղել: Բոլորն ասում են, որ նորմալ ընտրություն է եղել: Մենք դա չունենք: Մենք միայն Կենտրոնում տեսանք թե ինչ եղավ ընտրություններում, թե ինչ էին անում: Ամոթ է: Սրան վերջ կա՞, պատիժ կա՞, երբ ինչ-որ լակոտ գալիս ասում է այսպես պետք է լինի:
Դե, թող Ուկրաինայում մեկը համարձակվեր կաշառել ընտրողին: Չեմ ասում՝ սուրբ են, բայց ժողովուրդն այնքան լավ է ապրում, որ իր համար մի 10 հազար դրամ ընտրակաշառքը փող չէ: Այստեղ այնպես են անում, որ այդ 10 հազարը մեծ փող լինի: Հասկացեք, կաշառքով եկած իշխանությունը չի կարող թույլ տալ, որ հասարակության եկամուտները բարձրանան: Եթե բարձրացավ, կամ կաշառքի փողը պետք է բարձրացնեն, կամ պետք է վերանա կաշառքը: Նրանք ամեն ինչ պետք է անեն, որ բնակչության եկամուտները չբարձրանան: Տեսե՞լ եք, որ մի երկիր 13 տոկոս աճ ունենա, բայց 22 հազար մարդ լքի երկիրը»,- իր խոսքն ամփոփեց Բագրատյանը:




























