Բաքվում հայկական ջարդերի 20-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի հայ առաքելական Ս. Էջմիածին նորաբաց եկեղեցում, նաեւ Վիրահայոց թեմին պատկանող բոլոր եկեղեցիներում հունվարի 17-ին կատարվել են պատարագի եւ հոգեհանգստյան արարողություններ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ս. Էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան արարողությունը նախագահել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արարողություններին մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարներ, բազմաթիվ հավատացյալներ:

Սուրբ պատարագի եւ հոգեհանգստյան արարողությունների ավարտին մասնակիցներն այցելել են հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջավանքի պանթեոնը, որտեղ Վրաստանում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ է դրվել հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշասյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաքվի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակը: