Վրաստանի եւ Ուկրաինայի գործընկերային եւ բարեկամական հարաբերությունները կշարունակվեն՝ անկախ նրանից, թե ով նախագահ կընտրվի: Այդ մասին հունվարի 18-ին հայտարարել է Վրաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն:

Նա նշել է, որ այն պատմական հարաբերությունները, որ կապում են երկու երկրների ժողովուրդներին, կշարունակվեն եւ ապագայում:

Խոսելով վրացական լրագրողների վրա Ուկրաինայի ընտրություններում հարձակման դեպքերի մասին, փոխվարչապետը նշել է, որ դա «անընդունելի է»: Նա հույս է հայտնել, որ բոլոր այդ փաստերը կհետաքննվեն:

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայում ծեծի են ենթարկվել «Իմեդի» հեռուստաալիքի երկու լրագրողներ, եւս մեկ վրացի լրագրող՝ Թեա Ադեիշվիլին, ծեծի էր ենթարկվել Վիկտոր Յանուկովիչի թիկնապահի կողմից, երբ փորձել էր հարց տալ նախագահի թեկնածուին: