Լեռնային Ղարաբաղի հարցն այն փուլում չէ, երբ հնարավոր կլինի այն լուծել երկու կողմերի համաձայնությամբ։ Այս մասին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը ոչ մի կերպ չի կարող ազդել ղարաբաղյան հակամարտության լուծման վրա։

Իսկանդարյանի կարծիքով, եթե անգամ հայ-թուրքական հարաբերությունները հանգեցնեն դեսպանությունների փոխադարձ բացման, «դա չի կարող հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման»։ Նա միեւնույն ժամանակ նշել է, որ Անկարայի եւ Մոսկվայի համագործակցության ակտիվացումը կբերի հեռահաղորդակցության եւ կապի, ինչպես նաեւ էներգետիկ բնույթի փոփոխությունների, ինչը չի կարող չազդել ղարաբաղյան հակամարտության ընթացքի վրա։

Ասուլիսի մյուս բանախոս, ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովն էլ կարծում է, որ ռուս-թուրքական կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կազդի ոչ թե ղարաբաղյան հակամարտության արդյունքի, այլ ընթացքի վրա։ «Առաջին հերթին դա կթուլացնի Բաքվի դիրքերը, որովհետեւ դա նրա համար Երեւանի վրա ճնշում գործադրելու միջոց է։ Բացի այդ, հայ-թուրքական հարաբերությունները Երեւանին ավելի համոզվող կդարձնեն, չնայած դա չի նշանակում, որ Հայաստանը կհանձնի Ղարաբաղը»,- ընդգծել է Սկակովը։