2010թ. հունվար-փետրվարին հնարավոր է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նոր հռչակագրի ստորագրում: Այդ մասին հունվարի 18-ին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, այսօր Թուրքիայում շատերն են դեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի վերաբերյալ Անկարայից հնչող պահանջներն հաշվի առնելով՝ «տեղին կլիներ ղարաբաղյան գործընթացում ինչ-որ թղթի ստորագրումը»: Ըստ փորձագետի, Թուրքիայի համար նման անհրաժեշտ փաստաթուղթ կարող է լինել Մայնդորֆյան հռչակագրի նման մի հռչակագիրը:

Իսկանդարյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների համար հիմնական խնդիրը ոչ թե Երեւանում է, այլ Անկարայում: Հայաստանում Թուրքիայի հետ մերձեցմանը հակազդում են ինտելեկտուալները՝ լրագրողները, հասարակական կարծիք ներկայացնողները եւ բնակչության մի մասը, Թուրքիայում՝ բնակչության լայն շերտերը, պետական վերնախավը, կառավարող կուսակցության անդամներ, ռազմական վերնախավը, ազգայնականները: