Մոսկվայում սկսվել են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի բանակցությունները: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, կողմերը ձեռնամուխ են եղել քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահը՝ հանդիպման սկզբում, կողմերը քննարկելու է ընթացիկ օրակարգը. «Քննարկելու ենք ե՛ւ տնտեսական կապերը, ե՛ւ արտաքին քաղաքական ոլորտում մեր հարաբերությունները։ Խոսելու ենք գլոբալ խնդիրներից, այն լուրջ նախագծերից, որոնցով զբաղվում ենք: Իհարկե, կխոսենք եւ ղարաբաղյան հակամարտության մասին, թե ինչ պետք է անել այս տարի, քանի որ այս տարի կարելի է շատ լավ բաներ անել մեր հարաբերությունների եւ մեր ժողովուրդների համար»,- նկատել է Մեդվեդեւը: Նա նաեւ հույս է հայտնել, որ «ճգնաժամի գագաթնակետը կավարտվի եւ կաշխատեն այն գործիքները, որոնց մասին իրենք պայմանավորվել են՝ ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ ռազմական եւ արտաքին քաղաքականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ»:

Ինչպես, իր հերթին, նկատել է Հայաստանի նախագահը, սա նրա առաջին միջազգային այցն է այս տարվա ընթացքում: Սարգսյանի խոսքով, ժամանակը հարմար է եւ «թույլ է տալիս ամփոփել մեր աշխատանքի արդյունքները 2009թ. հայ-ռուսական փոխհարաբերությունների ամրապնդման գործում եւ նոր ծրագրեր մշակել 2010թ. համար»: «Կարծում եմ՝ հիմքեր կան, որ 2010թ. հասնենք լուրջ հաջողությունների: Կարծում եմ՝ որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ամեն տարի մեր հարաբերություններում լուրջ հաջողությունների հասնենք»,- հայտարարել է Հայաստանի նախագահը: Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հասնելու գործում ունեցած ավանդի համար. «Մենք շահագրգռված ենք բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով եւ այս հարցում մենք ոչ միայն ռազմավարական դաշնակիցներ ենք, այլեւ, հավանաբար, միանման ենք մտածում»:

Համաձայնվելով իր հայ գործընկերոջ հետ՝ Մեդվեդեւը նկատել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական կապերը բավական արագ են զարգանում, եւ 2008-2009 թվականներին ամենաբարձր մակարդակով 6-7 հանդիպում է կայացել: