Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության եւ անդամակից Երեւանի համագործակցության սերտացման հեռանկարներն են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ կազմակերպության նախագահ, Նիդերլանդների Բիմսթեր քաղաքի քաղաքապետ Հարրի Բրինքմանի հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաեւ հոկտեմբերի 7-8-ին Էջմիածնում անցկացված Տնօրենների խորհրդի նիստի պատվիրակներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, շնորհակալություն հայտնելով այցելության համար, Տարոն Մարգարյանը կարեւորել է Երեւանի անդամակցությունը Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը եւ նկատել, որ պատմամշակութային արժեքների պահպանություն գործում ցանկալի արդյունավետության համար անհրաժեշտ է ակտիվացնել գործակցությունը:

«2006 թվականից, «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը» անդամակցելուց ի վեր մեր համագործակցությունը կարծում եմ բավարար չէ: Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության դերն ու նպատակները եւ կարծում եմ պետք է սերտացնենք համագործակցությունը՝ լրացնելով բացթողածը: Մի քանի օրից նշելու ենք Էրեբունի-Երեւանի 2794-ամյակը: Երեւանը պատմամշակութային հարուստ ժառանգությամբ քաղաք է, որտեղ մեր խնդիրը հին, պատմամշակութային տարածքները պահպանելով՝ նոր մոտեցումներով քաղաք կառուցելն է»,- նշել է Երեւանի քաղաքապետը:

Տարոն Մարգարյանին ներկայացնելով կազմակերպության հաջողված ծրագրերը՝ հյուրերը նկատել են, որ  Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության հետ համագործակցությունը Երեւանին միջազգային ճանաչման հավելյալ հնարավորություն կընձեռի եւ պատմամշակութային արժեքների պահպանման հարցեր ներկայացնելու լայն հարթակ կդառնա: Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության նախագահը Երեւանի քաղաքապետին հրավիրել է մասնակցելու կազմակերպության խորհրդի՝ 2013 թվականի նոյեմբերին Մեխիկոյում կայանալիք նիստին:

Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը հիմքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի` համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանման հռչակագիրն է:  Կազմակերպությանն անդամակցում են 238 քաղաքներ, որտեղ գտնվում են այնպիսի վայրեր, որոնք ներառված են UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։