Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը եւ «Պրոմ Էքսպո» ընկերությունը հոկտեմբերրի 12-14-ը Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կազմակերպում են Համահայկական 4-րդ «PANARMENIAN EXPՕ–2012» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը,որի բացման արարողությունը կկայանա հոկտեմբերի 12–ին ժամը 13–ին։
ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, թե ցուցահանդեսի նպատակն է ամրապնդել հայրենական արտադրանքի եւ ծառայությունների վստահությունը հայկական շուկայում, ստեղծել նոր գործնական կապեր։
Ցուցահանդեսի նպատակներից է նաեւ խթանել հայրենական արտադրողներին արտահանման հարցում` ստեղծելով ակտիվ գործնական միջավայր ցուցահանդեսի ընթացքում, հրավիրելով գործարարներ արտերկրից:
Ցուցահանդեսի այցելուներին կներկայացվեն նաեւ ներմուծված ապրանքատեսակներ:
Ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս նաեւ ներդրողներին ուսումնասիրություններ կատարելու հայաստանյան շուկայում, բանակցելու արտադրողների հետ նոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Ցուցահանդեսը տեղակայված է մոտ 3500 քմ-ի վրա:
Թեմատիկ բաժիններն են` առողջապահություն, ապահովագրություն արդյունաբերություն, առեւտրային կազմակերպություններ, բանկեր եւ վարկային կազմակերպություններ, բեռնափոխադրում, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ինովացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիա, իրավախորհրդատվական ծառայություն, կանաչապատում եւ ձեւավորում, կահույք եւ կենցաղային տեխնիկա, շինարարություն ու շինտեխնոլոգիաներ եւ սննդարդյունաբերություն։




























