Սլովակիայի Գերագույն դատարանի պատվիրակությունը` նախագահ Շտեֆան Հարաբինի գլխավորությամբ այսօր` հոկտեմբերի 11-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ են դրել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետեւ պատվիրակությունն այցելել է Հայոց Ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը եւ այլն:

Այցելության ժամանակ Շտեֆան Հարաբինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարգում է մարդկային կյանքը եւ կողմ է բոլոր հարցերի, խնդիրների խաղաղ կարգավորմանը: «Հնարավոր չէ մոռանալ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, այն անմեղ մարդկանց, ովքեր դաժանությունների զոհ դարձան ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այն ճանաչել է նաեւ Եվրախորհրդարանը: 2004թ. Սլովակիան նույնպես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բացի այդ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է սահմանված»,- ասաց Շտեֆան Հարաբինը:

Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սլովակիայի հանրապետության բարձրագույն դատարանի եւ Հայաստանի հանրապետության Վճռաբեկ դատարանի միջեւ համագործակցության, փորձի փոխանակման հարցում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի օժանդակության համար Հարաբինը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Արման Մկրտումյանը տեղեկացրեց, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Սլովակիայի Բարձրագույն դատարանի պատվիրակության հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագիծ պատրաստելու` երրորդ հանդիպման ժամանակ փոխադարձ համագործակցության եւ փորձի փոխանակման պայմանագիր կնքելու համար: Նա նշեց, որ երեկ այցելել են Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, որը այս տարի ճանաչվել էր լավագույն դատարան, իսկ քաղաքացիական գործերով դատավորներից մեկը` լավագույն դատավոր: Սլովակիայի բարձրագույն դատարանի ղեկավարը ընդունեց մեր` ամեն տարի լավագույն դատարան, դատավոր որոշելու ավանդույթը եւ նշեց, որ այն կներդրվի Սլովակիայում: