Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունները պետք է նոր մակարդակի բարձրանան: Այդ մասին Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄԷ արտգործնախարար, շեյխ Աբդալլահ Բին Ջահեդ Ալ Նահյանը:
Նա հատուկ ընգծել է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման կարեւորությունը՝ նկատելով, որ "Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալությունը (IRENA) կարող է լավ հարթակ դառնալ այդ հարաբերությունների ձեւավորման համար:
Հանդիպմանը, որի շրջանակներում ամփոփվել են անցած տարվա հանդիպումների արդյունքները, Արմեն Գեւորգյանը իր հերթին նշել է տնտեսության տարբեր ոլորտներում Հայաստանի եւ ԱՄԷ միջեւ երկխոսությունը:
Զրուցակիցները նաեւ քննարկել են ներդրումների, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային ոլորտի եւ այլ ոլորտներում տնտեսական համագործակցության հնարավորությունը:
Հայկական պատվիրակությունը, որի կազմում են նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը եւ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Միացյալ Էմիրություններում գտնվելու է մինչեւ հունվարի 21-ը եւ մասնակցելու է «Համաշխարհային էներգետիկայի ապագան» համաժողովին:




























