Մամուլի ազգային ակումբը հայտարարություն է տարածել՝ իր վրդովմունքը հայտնելով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկման դատապարտող դատավճռի կապակցությամբ:
«Զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքը իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ հոդվածով իրեն վերապահված` համոզմունքներ ունենալու, դրանց հավատարիմ մնալու, գաղափարներ ստանալու եւ տարածելու իրավունքի իրացում, ինչի համար Նիկոլ Փաշինյանը վճարելու է 7 տարվա ազատազրկմամբ»,- նշել են Մամուլի ազգային ակումբի պատասխանատուներն ու հավելել, որ դատարանի նման վճիռը լրագրողների մոտ մասնագիտական գործունեության հանդեպ վախ սերմանելու եւ ինքնագրաքննությունը խորացնելու նպատակ ունի:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 19-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Վերջինս մեղադրվում էր քր.օր.-ի 316-1 (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 225-1 (Զանգվածային անկարգությունների կազմակերպում) հոդվածներով, իբր 2007թ. հոկտեմբերի 23-ին հարվածել է մի ոստիկանի, իսկ 2008թ. մարտի 1-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ Մյասնիկյանի արձանի մոտ: Դատավորը Փաշինյանին արդարացրել է 316-1 հոդվածով, իսկ 225-ով դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























